Encyclopedia

Երվանդ Քոչար

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից:

Երվանդ Քոչարը ծնվել է 1899թ. հունիսի 15-ին Թիֆլիսում: Քոչարը 1918թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918թթ. սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918թ.-ին՝ Մոսկովյան Ազատ գեղարվեստական արվեստների վերջին կուրսում։

 

1919թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921թ. դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։

 

1919-1922թթ. են ձևավորվել և դրսևորվել նրա արտիստական խառնվածքի հիմնական գծերն ու նախասիրությունները՝ ռացիոնալիզմ, ուժեղ, զգայական ձգտում դեպի պլաստիկ ծավալային ձևը, սիմվոլիկ մտածելակերպ, որոնք բնորոշ են մնացել նրա ողջ ստեղծագործությանը։

 

1922թ. Քոչարը մեկնել է արտասահման, եղել Կ.Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի։ Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական-ձևական հնարների համադրումը։

 
1936թ. վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։ Պահպանելով նորարարական որոշ ձևամիջոցներ՝ առաջնակարգ նշանակություն է տվել բովանդակությանը, պատկերվողի կոնկրետ անհատական նկարագրի ու ներաշխարհի բացահայտմանը։
 
1944-1945թթ. նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։ 1948թ. մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։
 
Քոչարի արվեստն իր մեջ ամփոփում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։
 
Երվանդ Քոչարի հայտնի արտահայտություններից են՝ «Ավելի լավ է շտապել, քան ուշանալ», «Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը», «Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.